20 12 2022

«Կարճ ասած»․ Շուտով ՔՊ-ն ընդդիմությանը կմեղադրի կապիտուլյացիան ստորագրելու մեջ



Այսօր 9-րդ օրն է, որ արցախցիները կտրված են աշխարհից․ թշնամին շարունակում է փակ պահել ճանապարհը․ պարզ է, ինչ վիճակ է՝ արդեն որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ է։ Երևանի քաղաքապետարանն արտահերթ կարգով նիստ է անում․ կարդում եմ օրակարգը, տեսնեմ կա՞ որևէ նախագիծ, որն ուղղված է իրավիճակին, հրատապ խնդիրներին։ Ինչ-որ գույք անհատույց տալու մասին է, Ալեքսեյ Հեքիմյանի, Կարպ Խաչվանքյանի, Օհան Դուրյանի և այլ մեծերի անուններով փողոցներ անվանակոչելու մասին։ Սրա հրատապությունը ո՞րն էր։ Օհան Դուրյանը, Կարպ Խաչվանքյանը, Ալեքսեյ Հեքիմյանը սրա համա՞ր շատ կուրախանային, թե՞, ասենք, նրա համար, որ մի նախագիծ բերեիք ու Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառով Հայաստանում մնացած, Երևանից տուն գնալ չկարողացող արցախցիների կարիքների բավարարմանն ուղղեիք․ կարող է՞ ավելի մարդկային լինեիք ու որոշեիք մի քանի օրով անջատել Երևանի տոնական լուսավորություը, ի նշան միասնության, սոլիդարության, մինչև էս հարցը լուծվի․ որովհետև չգիտես ինչի, բայց այնուամենայնիվ ՄԱԿ-ի շենքի դիմաց սառչող արցախցիների կողքին՝ մի քանի մետր այն կողմ, տաշի-տուշի են անում։ 

ԱԺ-ն էլ է արտահերթ նիստ նում․ կարդում եմ օրակարգը․ արտաքին հետախուզության ծառայության ստեղծում, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության վավերացում, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ, դատավորների ընտրություն, ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն։ Արցախի մասին, Բերձորի միջանցքի իրավիճակի մասին ոչ մի տող։ Ընդդիմությունն է հարցեր բարձրացնում, թե ի՞նչ եք բանակցում, ի՞նչ եք արել, ու ՔՊ-ն սկսում է ձեն-ձենի տված՝ երգել արջի իմացած 7 երգերը՝ բա դուք, բա 30 տարի և այլն և այլն։

Գիտե՞ք, կան մեղադրանքներ, որոնք արդեն իսկապես ծիծաղելի են․ արդեն զավեշտ է դրանք լսելը․ բայց այսօր էլի որոշեցին շեղել հիմնական թեմայից։ Թե բա՝ 30 տարի դուք․․․ Ստոպ, շեղվում է․ երբ որ մի արտառոց բան է լինում սկսում են փորձագետներն ասել, թե այսպիսի բան մեկ էլ եղել է սրանից 30 տարի առաջ, 50 տարի առաջ։ Հիմա որ ասում եք նախկինում, ձեր ժամանակ, կարո՞ղ եք ասել, այ ՔՊ-ականներ, էդ ձեր ասած 30 տարվա ընթացքում նման բան ե՞րբ է եղել։ Ինչի՞ եք էդ տարիները մեջտեղ բերում, եթե 30 տարի էդ միջանցքը ոչ միայն չի փակվել, այլև մեկի փոխարեն երկու ճանապարհ ենք ունեցել, համահայկական փողերով սարքած․ էն ժամանակ հիմնադրամի փողերով պարգևավճար չէին բաժանում, ճանապարհ էին սարքում՝ առանց մտածելու, որ հնարավոր է էնպիսի տարրեր գան, ու դա հանձնեն թուրքին։ Ես ուզում եմ հասկանալ, էդ 30 տարին, որ մեջտեղ եք բերում, ուզում եք ասել եղել է Արցախի վերաբերյալ մի որևէ բան, որ ավելի վատ է եղել, քան հիմա՞։ Կամ ի՞նչ կապ ունի՝ ինչ են արել 30 տարի առաջ, դո՛ւք ի՞նչ անում, էդ են հարցնում ձեզ, դրա՛ն պատասխանեք։

Մյուս զավեշտը․ էսօր ԱԺ պատգամավորներից մեկը մեղադրում էր ընդդիմությանը ժողովրդին պառակտելու, թշնամանք սերմանելու մեջ։ ՔՊ-ն՝ թշնամանքի աստվածը, պառակտման հայրը, ատելության գագաթը մեղադրում է ընդդիմությանը թշնամանք հրահրելու մեջ։ Դուք էս ազգին էնպես եք պառակտել, որ անգամ մահվան ժամանակ չեն գնում իրար ցավակցելու, դուք էնքան եք ազգին թշնամացրել, որ ազգի մի մասը միտինգ ա անում, սգում, մյուս մասը՝ ձեր գլխավորությամբ, քեֆ ա անում․ Արցախում շրջափակման պատճառով բուժօգնություն չստանալով՝ քաղաքացի է մահանում, դուք՝ ՔՊ-ականներդ, մասնակցում եք ձեր դեպուտատ ընկերոջ հարսանիքին։ Ձեր շեֆը չագուչով, սպառնալիքներով, հայհոյանքներով միտինգ էր անում, դուք ո՞ւմ եք մեղադրում պառակտում սերմանելու մեջ։ Դուք էնպես եք մեր ազգին պատակտել, որ էսքան աղետ բերելուց հետո անգամ չեն միավորվում, որ ձեզ «տուն» ուղարկեն։ Այ էդքան պառակտել եք։

Հաջորդ զավեշտը, որ էլի ԱԺ բեմից լսեցինք, այն էր, որ ընդդիմությանը մեղադրեցին թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ. Ադրբեջանում հարսանիքների երգերի հերոս Նիկոլի թիմը, կապիտուլյացիայի տարած ու ստորագրած մարդու թիմը, թշնամուն Արցախի 9 շրջան հանձնած, մի մասը՝ առանց կրակոցի, ում շնորհիվ թուրքը 130 քառակուսի կիլոմետր ներխուժել է Հայաստանի տարածք․ քաղաքական ուժ, որը ասում է՝ Ադրբեջանի մասին վատ բան չասենք, որ չբորբոքվի, ասում է՝ մեր հայրենիքի մի մասի համար հո պատերազմ չե՞նք անի, քաղաքական ուժ, որը տապալում է բոլոր նախաձեռնությունները, որտեղ խոսվում է Արցախի Հանրապետության, ինքնորոշման և այլնի մասին, մեղադրում է ընդդիմությանը Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մե՞ջ։ Վլադիմիր Վարդանյան, էդտեղ բարոյականությունը ո՞րտեղ է։

Սենց գնա, կպարզվի՝ ընդդիմությունն է մեղավոր, որ 44-օրյա պատերազմիում պարտվեցինք, էդ Արծրունը, Արայիկն ու Նիկոլը չէ, որ 44 օր խաբում էին, ընդդիմությունն էր խաբում, ընտրություն կեղծածները կարող է մի հատ էլ ստորագրություն կեղծեն ու ասեն՝ նոյեմբերի 9-ի թղթի տակ Նիկոլի ստորագրությունը չէ․ չի բացառվում ընդդիմությանը մեղադրեն իրենց ստացած պարգևավճարների մեջ ու անգամ հասնի բանը նրան, որ Կատար ֆուտբոլի խաղը դիտելու ոչ թե Ալեն Սիմոնյանն էր գնացել, այլ ընդդիմությունը։ Այո, ցինիզմը սահմաններ չի ճանաչում․ չէ՞ որ սրանք հերքում են ակնհայտ ամեն ինչ։

Աստղերի դասավորության շնորհիվ կամ որ նույնն է՝ բախտի բերմամբ դեպուտատ դարձածներից մեկը, ասում է՝ որ բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով Ռուսաստանը չի կարողանում այս հարցը լուծել, Հայաստանի խեղճ իշխանությունը ո՞նց կարողանա։ Էլի խեղճ հարիֆն ի՞նչ անի թեզն է։ Ռուսաստանը 10 տարի առաջ էլ էր ուժեղ, 20 տարի առաջ էլ էր ուժեղ, բայց ինքն է՞ր լուծում էդ հարցերը, թե՞ քո երկրի իշխանությունը։ Բա եթե պետք է ամեն ինչ քո փոխարեն ռուսներն անեն, էլ դու ո՞ւմ ես պետք։ Դու ինչքան ուզում ես լեզվիդ տաս, ինչ ուզում ես անես ու հենց գա պատասխանատվություն կրելու ժամանակը, ասես՝ ռուսները․․․ Ես թույլ եմ, մեղկ եմ։ Կար երկիր, պետություն, անվտանգ կապ, սաղ հանձնել եք, հիմա մունաթ եք գալիս։ Վաղը Ադրբեջանը էսպես շարունակվելու դեպքում կփակի արդեն Հայաստանի Հանրապետության ճանապարհները․ էլի ասելու եք մենք թույլ ենք ու չտեսնելու տա՞ք։ Դե, ասեք, որ Ռուսաստանը չի կարում, խեղճ հարիֆն ի՞նչ անի։

Կարճ ասած՝ իմ տպավորությամբ, իշխանության ներկայացուցիչների՝ հիմնական թեմայից անկապ բաներով հարցի շեղումը տեղի է ունենում Նիկոլ-Ալիև բանակցությունների տրամաբանության մեջ։ Նորություն չեմ ասում, շատերն են մտածում այդպես։ Ըստ երևույթին, պայմանավորվել են բաներ, որոնց տրամաբանության մեջ սա է։ Գուցե այս ամենին տեղյակ է նաև Նիկոլի ղարաբաղյան գործընկերը, դրա համար էլ արցախցի պաշտոնյաները Հայաստանի կառավարության դիմաց չեն հավաքվում, գնում են անշառ տեղ՝ ՄԱԿ, մի տեղ, որտեղ ընդամենը բարոյախրատական կոչ են անելու։ Ու հայտարարում են, թե միջազգային կառույցներն են մեղավոր այս ամենի համար, ոչ թե ՀՀ իշխանությունները։ Չնայած որ նոյեմբերի 9-ի թղթի տակ հենց Նիկոլի ստորագրությունն է

Հարցն այն է, որ հանրությունն էլ շատ հեշտ է թույլ տալիս, որ իր ուշադրությունը շեղեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ